Աշխարհագրական նշումներ
Ընդհանուր տեղեկություններ
Ի՞նչ է աշխարհագրական նշումը
Աշխարհագրական նշումը մի նշան է, որն օգտագործվում է այն ապրանքների վրա, որոնք ունեն որոշակի աշխարհագրական ծագում և այնպիսի հատկություններ կամ ճանաչում, որոնք բնորոշ են ծագման տվյալ վայրին։
Ընդհանուր առմամբ, աշխարհագրական նշումը բաղկացած է ապրանքների ծագման վայրի անունից։ Գյուղատնտեսական ապրանքներին բնորոշ են այնպիսի հատկանիշներ, որոնք պայմանավորված են դրանց արտադրության վայրով և որոնց վրա իրենց ազդեցությունն են թողնում տեղանքին հատուկ աշխարհագրական գործոնները, ինչպիսիք են կլիման և հողը։ Նշանի՝ որպես աշխարհագրական նշում օգտագործումը կախված է ազգային օրենսդրությունից և սպառողների ընկալումից։ Աշխարհագրական նշումն օգտագործվում է գյուղատնտեսական բազմաթիվ ապրանքների վրա, ինչպես, օրինակ, «Tuscany»–ը՝ Իտալիայի որոշակի տարածքում արտադրված ձիթապտղի ձեթի, կամ «Roquefort»–ը՝ Ֆրանսիայի որոշակի շրջանում արտադրված պանրի համար։
Աշխարհագրական նշումների օգտագործումը չի սահմանափակվում գյուղատնտեսական ապրանքներով։ Դրանք կարող են ընդգծել նաև արտադրանքի այն առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են արտադրանքի ծագման վայրին բնորոշ մարդկային գործոնի ազդեցությամբ, մասնավորապես՝ արտադրանքի պատրաստման հատուկ հմտություններն և ավանդույթները։
Ի՞նչ է ծագման տեղանունը
Ծագման տեղանունը աշխարհագրական նշման տեսակ է, որն օգտագործվում Է այն ապրանքների վրա, որոնք ունեն աշխարհագրական միջավայրին բացառապես կամ էապես բնորոշ յուրահատուկ որակ։ Աշխարհագրական նշում հասկացությունն ընդգրկում Է նաեւ ծագման տեղանունը։ «Bordeaux»–ը Ֆրանսիայի Բորդո կոչվող շրջանում արտադրվող գինու համար, «Habana»–ն՝ Կուբայի Հավանա անվանումը կրող շրջանում աճող ծխախոտի համար, «Tequila»–ն՝ Մեքսիկայի որոշ շրջաններում արտադրվող սպիրտի համար այնպիսի ծագման տեղանունների օրինակներ են, որոնք պահպանվում են «Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին» Լիսաբոնի համաձայնագրի անդամ երկրներում։
Ո՞րն է երաշխավորված ավանդական արտադրանքը
Որպես երաշխավորված ավանդական արտադրանք կարող է պահպանվել այն արտադրանքը, որը բավարարում է հետևյալ պայմաններից մեկը՝
1)ստացվում է ավանդական սկզբնական հումքից.
2)բնութագրվում է ավանդական բաղադրությամբ.
3)բնութագրվում է արտադրության և (կամ) վերամշակման եղանակով, որը համապատասխանում է արտադրության և (կամ) վերամշակման ավանդական եղանակին։
Ո՞րն է աշխարհագրական նշումների, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանության անհրաժեշտությունը
Գրանցելով աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքը նրանց պաշտպանություն է ընձեռնվում գրանցված անվանման ուղղակի կամ անուղղակի ցանկացած առևտրային օգտագործումից, իսկ գրանցումով չներառված արտադրանքի համար այնքանով, որքանով այդ ապրանքները համեմատելի են տվյալ անվանմամբ գրանցված արտադրանքի հետ, կամ այնքանով, որքանով այդպիսի օգտագործումը թույլ է տալիս օգտվել պահպանվող անվանման համբավից։
Պաշտպանություն է ընձեռնվում նաև ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից (եթե նույնիսկ նշված է ապրանքի իրական ծագումը) կամ պահպանվող անվանման թարգմանաբար օգտագործումից կամ այնպիսի օգտագործումից, երբ պահպանվող անվանումն ուղեկցվում է «սեռ», «տեսակ», «տիպ» «ոճ», «նմանակում» կամ նմանատիպ այլ արտահայտություններով, ինչպես նաև ցանկացած կեղծ կամ շփոթություն առաջացնող նշումից, որը վերաբերում է ապրանքի ծագմանը, աշխարհագրական վայրին, բնապայմաններին կամ էական որակական հատկություններին, որոնք առկա են ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա, գովազդում, տվյալ ապրանքին վերաբերող փաստաթղթերում կամ փաթեթավորման համար նախատեսված կոնտեյներների վրա, որոնք կարող են մոլորեցնել ապրանքի աշխարհագրական ծագման հարցում.
Պաշտպանություն է ընձեռնվում նաև ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել ապրանքի իրական աշխարհագրական ծագման վերաբերյալ։
Ինչպես նաև պահպանվող անվանումները չեն կարող դառնալ համընդհանուր օգտագործման (ջեներիկ)։
Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումից ծագում է դրանց օգտագործման իրավունքը։ Գրանցված աշխարհագրական նշումը կամ գրանցված ծագման տեղանունը չի կարող դառնալ փոխանցման կամ լիցենզիայի կամ այլ գույքային իրավունքի առարկա։
Արգելվում է «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների կամ դրանց համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։
Ո՞վ կարող է աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի օգտագործման իրավունք ստանալ
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի միայն խումբը, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեություն, և այդ գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքը համապատասխանում է «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի
8-րդ կամ 9-րդ հոդվածների պահանջներին։
Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան, երաշխավորված ավանդական արտադրանքի օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը
Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի պահպանությունը գործում է պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականից, առանց ժամկետային սահմանափակման։ Պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը տրվում է տասը տարի ժամկետով։ Ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան տասը տարի ժամկետով, եթե պահպանվում են տվյալ արտադրանքի տեխնիկական հատկորոշումները։
ՈՒ՞ր դիմել
Վկայագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնե-լով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն)։