Արդյունաբերական դիզայն
Ընդհանուր տեղեկություններ
Ի՞նչ է արդյունաբերական նմուշը
Արդյունաբերական նմուշը որևէ իրի արտաքին տեսքի զարդանախշային կամ գեղագիտական լուծումն է։ Նմուշը կարող է ծավալային լինել, ինչպես, ասենք, իրի ձևը կամ մակերևույթը, կամ Երկչափ հատկանիշներ ունենալ, ինչպես, օրինակ՝ նախշեր, գծեր կամ գույներ։ Արդյունաբերական նմուշներ են արդյունաբերական և տնայնագործական բազմազան արտադրանքները՝ տեխնիկական և բժշկական սարքավորումներից մինչև ժամացույցները, զարդերը և այլ թանկարժեք իրերը, տնային օգտագործման առարկաներից և էլեկտրական սարքավորումներից մինչև ավտոմեքենաներն ու ճարտարապետական կառույցները։
Ո՞րն է արդյունաբերական նմուշը գրանցելու առավելությունը
Արդյունաբերական նմուշներն իրը գրավիչ և հետաքրքիր են դարձնում, արդյունքում բարձրանում է ապրանքի առևտրային արժեքը և շուկայում դրա իրացման հավանականությունը։
Երբ արդյունաբերական նմուշը պահպանվում է, սեփականատերը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով գրանցել է նմուշը, բացառիկ իրավունք է ձեռք բերում արգելելու երրորդ անձանց նմուշի անօրինական վերարտադրումը կամ նմանակումը։ Դա նպաստում է կատարած ներդրման դիմաց արդարացի վարձատրություն ստանալուն։ Պահպանության արդյունավետ համակարգն օգտակար է նաև սպառողների և հանրության լայն շրջանակների համար, քանի որ ապահովում է բարեխիղճ մրցակցություն և արդար առևտուր, ինչպես նաև նպաստում է ստեղծագործական գործունեության զարգացմանն ու գրավում սպառողի ուշադրությունը գեղագիտական ապրանքների նկատմամբ։
Արդյունաբերական նմուշների պահպանությունը նպաստում է տնտեսության զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը արդյունաբերական և տնայնագործական արտադրության ճյուղերում, ինչպես նաև ավանդական արվեստի և արհեստների բնագավառներում։ Դրանք էլ, իրենց հերթին, նպաստում են առևտրային գործունեության ընդլայնմանն ու ազգային արտադրատեսակների արտահանմանը։
Ո՞վ կարող է դիմել արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու համար
Հայտը պետական լիազոր մարմին ներկայացնում է հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է Վկայագիր ստանալու իրավունքը, և որի անունով խնդրարկվում է Վկայագիրը (այսուհետ նաև՝ հայտատու)։ Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով։ Այստեղ օրենսդիրը շատ կարևոր վերապահում է նախատեսել, ըստ որի օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք լիազոր մարմնի հետ գործավարությունն իրականացնում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ նախ ավելի դյուրին է դառնում վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը և տնտեսապես ավելի նպատակահարմար է։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։
Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու պետական լիազոր մարմին, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե ինքը բավականին փորձ ու հմտություն ունի արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։
Ինչպիսի՞ պահպանություն է տրամադրում արդյունաբերական նմուշի վկայագիրը
Վկայագիրի պահպանություն նշանակում է, որ առանց վկայագրատիրոջ համաձայնության արդյունաբերական նմուշը առևտրային նպատակներով չի կարող պատրաստվել, օգտագործվել, տարածվել կամ վաճառվել։ Այդ իրավունքները, սովորաբար, պաշտպանվում են դատական կարգով։ Շատ համակարգերում դատարաններն իրավունք ունեն դադարեցնել վկայագիրը խախտող գործողությունները։ Եվ հակառակը, դատարանը կարող է արտոնագիրն անվավեր ճանաչել երրորդ կողմի հիմնավորված ապացույցների հիման վրա։
Վկայագիրը բացառիկ իրավունք է տալիս արդյունաբերական նմուշի նկատմամբ, այն պահպանում է վկայագրատիրոջ իրավունքը արդյունաբերական նմուշի նկատմամբ։
Արդյունաբերական նմուշի պահպանության ժամկետը
Արդյունաբերական նմուշների պահպանությունը տրամադրվում է մինչև 25 տարի ժամկետով:
ՈՒ՞ր դիմել
Վկայագիր ստանալու գործընթացն սկսվում է՝ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելով և համապատասխան հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելով (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն)։