Russian Version
English Version

Մտավոր սեփականության իրավունքների կիրարկում

ՄՍ իրավունքների կիրարկման ուղեցույց

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը մտավոր սեփականությունը սահմանել է որպես մարդու մտավոր աշխատանքի արդյունք, ինչպիսիք են՝ գյուտերը, գրականության և արվեստի ստեղծագործությունները, ինչպես նաև առևտրային գործունեության մեջ օգտագործվող նշանները, անունները, պատկերներն ու նմուշները:

Գոյություն ունեն մտավոր սեփականության տարբեր տեսակներ, սակայն դրանցից հիմնականները ապրանքային նշանները, արդյունաբերական նմուշները, արտոնագրերն են և հեղինակային իրավունքը:

Ապրանքային նշաններ - Ապրանքային նշանը տարբերակիչ նշան է, որն առևտրում տարբերում է որևէ անձի կամ ձեռնարկության ապրանքները և ծառայությունները այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից: Օրինակ՝ Coca Cola-ն և Nike-ը ապրանքային նշաններ են:


Արդյունաբերական նմուշներ - Արդյունաբերական նմուշը որևէ իրի արտաքին տեսքի զարդանախշային կամ գեղագիտական լուծումն է: Օրինակ՝ մեքենաների արտաքին ձևը և իրի արտաքին տեսքը պահպանվում են որպես արդյունաբերական նմուշ: 

Արտոնագրեր - Արտոնագրերը պահպանում են գյուտերը: Օրինակ Ձեր բջջային հեռախոսի տեխնոլոգիան, սիրելի խմիչքի բաղադրության ֆորմուլան, կամ էլ Ձեր դեղահաբի ակտիվ բաղադրիչը պահպանվում են արտոնագրով:

Հեղինակային իրավունք - Հեղինակային իրավունքի պահպանությունը ավտոմատ է և տարածվում է այն ստեղծագործությունների վրա, որոնք ամրագրված են գրավոր կամ որևէ այլ օբյեկտիվ ձևով: Հեղինակային իրավունքով են պահպանվում գրական և դրամատիկական ստեղծագործությունները, ֆիլմերը, երաժշտությունը, համակարգչային ծրագրերը, նկարները և այլն:

Մտավոր սեփականության վերոնշյալ 4 տեսակները միասին ապահովում են մեքենա ստեղծողների ամբողջական պահպանությունը:

  • Գրանցված ապրանքային նշանը պահպանում է մեքենայի անունն ու լոգոն:
  • Գրանցված արդյունաբերական նմուշը պահպանում է մեքենայի ձևը և դրա արտաքին տեսքը:
  • Արտոնագրերը պահպանում են մեքենան շարժի գցող մասերը, ինչպես օրինակ շարժիչը:
  • Հեղինակային իրավունքը պահպանում է մեքենայի տեխնիկական ձեռնարկը և անգամ մեքենայի նկարները:

Մտավոր սեփականությունը մեր ժամանակակից կյանքի բանալին է և կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում:

Մտավոր սեփականությունը խթանում է ստեղծագործական գործունեությունը և քաջալերում է նորարարությունը:

Եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չլինի, ապա այլևս ոչ մի մոտիվացիա չի լինի ստեղծագործ մարկանց համար և հասարկությունը զարգացում չի ապրի: 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Մտավոր սեփականության անօրինական օգտագործումը խախտում է այն անձի կամ ընկերության իրավունքները, որին պատկանում է մտավոր սեփականությունը: Մտավոր սեփականության իրավախախտումը քրեական հանցագործություն է:

Կեղծարարությունը և հենությունը մտավոր սեփականության ոլորտի իրավախախտումներ են, և դրանք համապատասխանաբար վերաբերում են ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի անօրինական օգտագործմանը:

Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության իրավախախտման համար սահմանվում են տուգանքներ կամ էլ ազատազրկում:

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Մտավոր սեփականության իրավախախտումները՝ կեղծարարությունը և հենությունը

  •  Վնասում են երկրի տնտեսությունը
  •  Վտանգում են սպառողների առողջությունը և անվտանգությունը
  •  Կազմակերպված հանցագործության համար պարարտ հող է ստեղծում

Հետևաբար կառավարությունը և իրավապահ մարմինները, որոնց առաջնային դերը հասարակության անվտանգության ապահովումն է, պատասխանատու են մտավոր սեփականության իրավախախտումները կանխարգելելու համար:

Ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ ինտերպոլը, նշում է, որ «ապրանքային նշանի կեղծարարությունը և հեղինակային իրավունքի հենությունը մտավոր սեփականության ոլորտի հանցագործություններ են: Կեղծ ապրանքները վտանգ են ներկայացնում սպառողների առողջությանն ու անվտանգությանը, արդյունքում խախտվում են ապրանքային նշանների, արտոնագրերի և հեղինակային իրավունքի իրավատերերի իրավունքները և հասարակությանը միլիարդավոր դոլարների վնաս է պատճառվում՝ կորցված պետական եկամուտներ, օտարերկրյա ներդրումներ կամ էլ բիզնեսից ստացված շահույթ»:

Տնտեսություն

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության /ՏՀԶԿ/ կողմից կատարված ուսումնասիրության համաձայն միջազգային մակարդակով կեղծ և հենված ապրանքների առևտուրը կազմում էր 250 միլիարդ ԱՄՆ դոլար, որն ավելին է, քան 150 երկրների և Հայաստանի համախառն ներքին արտադրանքը /Հայաստան ՀՆԱ՝ 10.5 միլիարդ ԱՄՆ դոլար/ :

ՏՀԶԿ-ն ընդգծում է պետական գումարների և օրինական գործարարների կորուստի մասշտաբները՝ կեղծ և հենված ապրանքների առևտրի հետևանքով: Այդ գումարները կարող էին օգտագործվել նոր աշխատատեղեր ստեղծելու և հասարակության զարգացման, ինչպես ասենք դպրոցների և հիվանդանոցների կառուցման համար:

 

Առողջապահություն և անվտանգություն

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը պարզել է, որ կեղծարարությունը չի վերաբերում միայն թանկարժեք իրերին, ինչպիսիք են նորաձև ժամացույցները և հագուստը, այլ դա ընդգրկում է նաև հասարակության առողջությանն ու անվտանգությանը վտանգ սպառնացող ապրանքներ՝ դեղեր, ուտելիք, խմիչք, բժշկական սարքավորումներ, անձնական խնամքի միջոցներ, խաղալիքներ, ծխախոտ և մեքենայի պահեստամասեր:

Ինտերպոլը նշում է. «նմանակված արտադրանքները վտանգ են սպառնում ողջ աշխարհի սպառողների անվտանգությանը: Ոչինչ չկասկածող սպառողները վտանգում են իրենց առողջությունը և անգամ կյանքը ամեն անգամ, երբ օգտագործում են կեղծ ապրանքներ, կեղծ ալկոհոլային խմիչքներ և պարենային ապրանքներ կամ էլ ճամփորդում են մեքենաներով և ինքնաթիռներով, որոնց տեխնիկական ապահովումը կատարվել է կեղծ և անորակ պահեստամասերով»:

Մտավոր սեփականության ոլորտի այս հանցագործությունները հավանական են ամեն տեսակի արտադրանքի համար: Ներկայումս կեղծարարները արտադրում են կեղծ պարենային ապրանքներ և խմիչքներ, գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատներ, էլեկտրական ապրանքներ և սարքավորումներ, մեքենայի պահեստամասեր, շինարարական նյութեր և առօրյա կյանքում օգտագործվող տնային սարքավորումներ, ինչպես նաև թանկարժեք ապրանքներ, անօրինական տեսասկավառակներ: Այս ապրանքները ուղարկվում են աշխարհի զարգացող և զարգացած երկրների շուկաներ և դրանց քանակությունը գնալով ավելանում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ «կեղծ դեղերը և առողջության հետ առնչվող այլ արտադրանքները կարող են վնասկար ազդեցություն ունենալ հիվանդների առողջության վրա, մինչև անգամ մահվան պատճառ դառնալ»: