Russian Version
English Version

Ապրանքային նշաններ

Ապրանքային նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համակարգ

Մադրիդյան համակարգի շրջանակներում ապրանքային նշանների միջազգային գրանցման առավելությունները

Մադրիդյան համակարգը հարմար և ծախսարդյունավետ լուծում է օտարերկրյա պետություններում ապրանքային նշանների գրանցման և կառավարման համար: Այն թույլ է տալիս մեկ դիմում ներկայացնելով և մեկ արժույթով միանվագ միջազգային տուրք վճարելով պահպանություն ստանալ Մադրիդյան համակարգի անդամ շուրջ 123 երկրներում (Մադրիդյան համակարգի անդամների ցուցակ), իսկ միասնական, կենտրոնացված համակարգը հնարավորություն է տալիս ապրանքային նշանների համաշխարհային գրանցամատյանում կատարել փոփոխություն, գրանցման գործողության երկարաձգում և գրանցման պահպանության հետագա տարածքային ընդլայնում  (նշել այն երկրները, որոնք սկզբնական միջազգային հայտում նշված չեն եղել):
 

Միջազգային հայտ ներկայացնելու պայմանները:

1. Ապրանքային նշանի միջազգային գրանցումը հիմնված է ապրանքային նշանի ազգային գրանցման կամ հայտի վրա, որը կատարվել կամ հայտարկվել է ծագման երկրի գերատեսչությունում (Հայաստանի Հանրապետությունում՝ Մտավոր սեփականության գրասենյակ):
Այսպիսով, միջազգային հայտ ներկայացնելու համար ապրանքային նշանը պետք է ծագման երկրում լինի գրանցված կամ հայտարկված:
2. Յուրաքանչյուր ոք, ով ծագման երկրի հետ ունի անձնական կամ գործնական հարաբերություններ, կարող է միջազգային հայտ ներկայացնել: Սա նշանակում է, որ անձը պետք է ունենա մշտական բնակության վայր կամ  արդյունաբերական կամ առևտրային հաստատության գտնվելու վայր, կամ լինի ծագման երկրի քաղաքացի:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Միջազգային հայտ ներկայացնելու համար գրանցված ապրանքային նշանի իրավատերը կամ հայտարկված ապրանքային նշանի հայտի հայտատուն անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
Դիմում (ազատ ոճով շարադրված)՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ՝ ՄՍՀԿ ՄԲ) միջազգային հայտ ներկայացնելու մասին (ներկայացվում է Մտավոր սեփականության գրասենյակի պետի անունով).
Միջազգային հայտ (MM2 ձևաթուղթ)՝ թղթային փաստաթղթի ձևով և էլեկտրոնային եղանակով, լրացված Մադրիդյան համաձայնագրի և արձանագրության Ընդհանուր հրահանգի 9-րդ կանոնի պահանջներին համապատասխան (հայտատուի ընտրությամբ ֆրանսերեն կամ անգլերեն).
Վճարման անդորրագիր, որը հաստատում է ապրանքային նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար «Պետական տուրքերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «իբ» ենթակետով սահմանված 50000 դրամի պետական տուրքի վճարումը 900005016200 հաշվին.
Վճարման անդորրագրի պատճեն, որը հաստատում է Մադրիդյան համաձայնագրով և (կամ) Մադրիդյան համաձայնագրի արձանագրությամբ նախատեսված ՄՍՀԿ բանկային հաշվին փոխանցված վճարները՝ շվեյցարական ֆրանկով.
ՄՍՀԿ բանկային փոխանցման մանրամասները՝
        Account name: WIPO / OMPI
Credit Suisse, CH-1211 Geneva 70
        IBAN: CH51 0483 5048 7080 8100 0
Swift: CRESCHZZ80A
Լիազորագիր, եթե հայտը ներակայացվել է ներկայացուցչի միջոցով:
 
Տուրքեր
 
Ապրանքային նշանի միջազգային գրանցման արժեքը ներառում է հիմնական տուրքը (653 շվեյցարական ֆրանկ սև-սպիտակ նշանի կամ 903 շվեյցարական ֆրանկ գունավոր նշանի համար), ինչպես նաև հավելյալ տուրքը` յուրաքանչյուր նշված երկրի համար (100 շվեյցարական ֆրանկ), և լրացուցիչ տուրքը՝ երեքից ավել ապրանքների և ծառայությունների յուրաքանչյուր դասի համար (100 շվեյցարական ֆրանկ):
Որոշ երկրներ հավելյալ և լրացուցիչ տուրքերը փոխարինում են անհատականով:
Ապրանքային նշանի միջազգային գրանցում ստանալուց հետո լրացուցիչ վճարներ են կատարվում տարածքային ընդլայնման, փոփոխության կամ գրանցման գործողությունը երկարաձգելու համար:
Տուրքերի ավտոմատ հաշվարկումը տեղադրված է ՄՍՀԿ պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.wipo.int/madrid/en/fees/calculator.jsp

Միջազգային ձևեր

Միջազգային հայտի (MM2 ձևաթուղթ), ինչպես նաև միջազգային ձևերի ամբողջական ցանկը տարբեր ձևաչափերով՝ անգլերեն և ֆրանսերեն, տեղադրված է ՄՍՀԿ պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.wipo.int/madrid/en/forms/
Միջազգային հայտը ստանալուց հետո գրասենյակի կողմից կատարվող գործողությունները
Միջազգային հայտն ստանալու թվականից հետո` քսան աշխատանքային օրվա ընթացքում, գրասենյակը քննարկում և ստուգում է հայտի փաստաթղթերը՝ որոշելու համար «Ապրանքային նշանների մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին դրանց համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային հայտում նշված տեղեկությունների համապատասխանությունը պետական գրանցամատյանի տվյալներին կամ համապատասխան դեպքերում՝ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարի տվյալներին։
Դրանից հետո միջազգային հայտը գրասենյակի կողմից ուղարկվում է ՄՍՀԿ միջազգային բյուրո: 
 
Օժանդակ գործիքներ և ՄՍՀԿ ծառայություններ
 
Միջազգային հայտի պատրաստման և հետագա կառավարման ընթացքում կարող են օգտագործել ՄՍՀԿ միջազգային բյուրոյի կողմից մշակված առցանց օժանդակ գործիքներն ու ծառայությունները: