Russian Version
English Version

Ապրանքային նշաններ

Գրանցման ընթացակարգ

 1. Ի՞նչ է ապրանքային նշանը

«Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանը դա նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.

2. Ինչու՞ է կարևոր ապրանքային նշանի պահպանությունը

Ապրանքային նշանով հնարավոր է դառնում մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար: Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և (կամ) ծառայությունը:
Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է: Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը:
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն: Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք: Գրանցված ապրանքային նշանը նաև իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանված ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները` գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որտեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել: Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշանն ունի իրավական պաշտպանություն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:
Ապրանքային նշանի պահպանությունը պետք է ձեռք բերվի բարեխղճորեն, այսինքն այն նախատեսված է ապրանքային նշանի իրավատիրոջ բիզնեսի պաշտպանության համար, ոչ թե մրցակցության ազատության սահմանափակման կամ այլ ձեռնարկատերերի բիզնես գործունեությանը կանխամտածված խոչընդոտելու համար:

3. Ո՞ր նիշերը կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես` բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները, տառերը կամ թվերը, նկարները, պատկերները կամ խորհրդանշանները, եռաչափ պատկերները, ինչպիսիք են՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը, հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները, ձայնային ազդանշանները և դրանց ցանկացած համակցությունները:

4. Ի՞նչպես գրանցել ապրանքային նշանը և ստանալ վկայագիրը

«Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետի համաձայն ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա՝ համաձայն կարգի N 1 ձևի (PDF, DOC), որը ներկայացվում է Մտավոր սեփականության գործակալություն (այսուհետ՝ գործակալություն):
Ներկայացված հայտով փորձաքննությունն անցկացվում է երկու փուլով՝ հայտի նախնական փորձաքննություն և հայտի ըստ էության փորձաքննություն:
Նախնական փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հայտի ըստ էության փորձաքննությունն անցկացվում է Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտի հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում։ Ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա որոշում է կայացվում ապրանքային նշանը գրանցելու կամ գրանցումը մերժելու մասին.
Ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերը շարադրված են Օրենքի 9-րդ և 10-րդ հոդվածներում:
Ապրանքային նշանի պետական գրանցումը ապրանքային նշանների պետական գրանցամատյանում և վկայագրի տրամադրումը իրականացվում է ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա:

5. Որո՞նք են ապրանքային նշանի վկայագիր ստանալու ժամկետները

Ապրանքային նշանի հայտ ստանալու, գրանցելու, քննարկելու և վկայագիր տրամադրելու առումով ընդհանուր ժամկետը հինգ ամիս է:

6. Ի՞նչ լեզվով է ներկայացվում հայտը և հայտին կցվող փաստաթղթերը

Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և ներկայացվի հայերեն, հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:


7. Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապրանքային նշանը գրանցելիս

Օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասին համաձայն հայտը պետք է պարունակի`
1) տեղեկություններ, որոնք նույնականացնում են հայտատուին և նրա ներկայացուցչին (ներկայացուցչի առկայության դեպքում).
2) հայտարկված նիշի հստակ պատկերը (վերարտադրությունը, այդ թվում՝ ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը.
3) այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար հայտարկվում է ապրանքային նշանի գրանցումը, որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման.
ինչպես նաև համապատասխան դեպքերում՝
4) նշում, որ հայտարկված նիշը եռաչափ է.
5) նշում, որ հայտարկված նիշը հոլոգրաֆիկ է.
6) նշում, որ հայտարկված նիշը ձայնային է.
7) նշում, որ գունային համակցությունը ապրանքային նշանի տարբերակիչ հատկանիշ է.
8) նշում հայտարկված նիշի այն տարրերի մասին, որոնք համարվում են չպահպանվող.
9) նիշի կամ դրա բառային տարրերի տառադարձությունը և դրանց հայերեն թարգմանությունը.
10) նշում, որ հայտարկված նիշը կոլեկտիվ նշան է.
11) նշում, որ հայտարկված նիշը հավաստագրային նշան է.
12) նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին (համապատասխան դեպքում)։

Օրենքի 40-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև մեկից ավել դասի առկայության դեպքում յուրաքանչյուր դասի համար՝ լրացուցիչ պետական տուրքի վճարման անդորրագիրը (Հաշիվ` N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ), իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ.
2) հայտատուի ներկայացուցչի իրավասությունները հաստատող փաստաթուղթը, եթե հայտը ներկայացվել է ներկայացուցչի միջոցով.
ինչպես նաև համապատասխան դեպքերում՝
3) դիմում՝ առաջնություն (միջազգային առաջնություն՝ Օրենքի 42 -րդ հոդվածի 2-րդ մաս, ցուցահանդեսային առաջնություն՝ Օրենքի 42 -րդ հոդվածի 3-րդ մաս) խնդրարկելու մասին.
4) թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կողմից, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) համաձայնություն՝ տրված իրավատիրոջ կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-8-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) կոլեկտիվ նշանի կանոնակարգը.
7) հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը։
Այլ լեզվով փաստաթղթեր կցելիս Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

8. Ո՞րոնք են հայտարկված նիշի նկատմամբ պահանջները

Հայտարկված նիշը ներկայացված է 2 օրինակից: Հայտարկված նիշի մեկ օրինակը զետեղվում է հայտի 5.1-ին կետում: Նիշի երկրորդ օրինակը ներկայացվում է ստորագրված հավելվածի վրա:

Նիշի պատկերը պետք է ունենա բարձրորակ գրաֆիկական կատարում, որը թույլ է տալիս այն վերարտադրել պատճենահանման տեխնիկայի միջոցով:

Հայտարարված նիշի պատկերը ներկայացվում է այն գույներով կամ գույների համակցությամբ, որով խնդրարկվում է ապրանքային նշանի պետական գրանցումը:

9. Ո՞րոնք են ապրանքային նշանի հայտը լրացնելու պահանջները

Հայտը, որը ներկայացվում է հայտատուի անունից, լրացվում է տպագիր, հետևյալ կարգով՝
1) հայտի 2-րդ կետում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին՝
ա. 2.1-ին կետում նշվում են հայտատուի անվանումը, եթե նա իրավաբանական անձ է, կամ անունը, ազգանունը, եթե նա ֆիզիկական անձ է (կարող է նշվել նաև հայրանունը), կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (հայրանունը, եթե այն նշված է ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ) (անհատ ձեռնարկատեր նշմամբ), երկրի երկտառ ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST-3 ստանդարտի (Հայաստանի Հանրապետության երկտառ ծածկագիրն է՝ AM)՝ նշելով համապատասխան վանդակը՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում իրական գործունեության, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ քաղաքացիության կամ բնակության վանդակը,
բ. 2.2-րդ կետում նշվում է հայտատուի գտնվելու վայրը (ինչպես նշված է ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ կամ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում և բնակության վայրը` ֆիզիկական անձի դեպքում, իսկ 2.3-րդ կետում նշվում են նրա հետ անմիջական կապ հաստատելու միջոցները՝ հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
գ. 2.4-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտատուները մեկից ավելի են։ Այս դեպքում հայտի 2.1-2.3-րդ կետերում նախատեսված՝ դրանց մասին տվյալները ներկայացվում են լրացուցիչ թերթերի վրա՝ նշելով դրանց թիվը, որոնք կցվում են հայտին.
2) 3-րդ կետը լրացվում է այն դեպքում, երբ հայտատուն ներկայացվում է ներկայացուցչի միջոցով․
3) 4-րդ կետում նշվում են ներկայացված հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ընթացքում հայտատուի կամ նրա ներկայացուցչի հետ (նշանակված լինելու դեպքում) անմիջական կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները՝ փոստային հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
4) հայտի 5-րդ կետում տրվում են (զետեղվում կամ փակցվում է) հայտարկված ապրանքային նշանի վերաբերյալ պահանջները՝
ա) 5.1-ին կետում զետեղվում է հայտարկված ապրանքային նշանի պատկերը, որի չափերը չպետք է գերազանցեն 8 x 8 սանտիմետրը։ Եթե ապրանքային նշանի չափերը գերազանցում են 8 x 8 սանտիմետրը, ապա նշվում է 5.1-ին կետի վանդակը, և ապրանքային նշանի պատկերը տրվում է առանձին (կցվում է): Եվս մեկ օրինակ կցվում է հայտին.
բ) 5.2-րդ կետում տրվում է ապրանքային նշանի համառոտ նկարագրությունը՝ հայտարկվող ապրանքային նշանի էությունը հասկանալու համար, որն ապրանքային նշանի գրանցման դեպքում չի հրապարակվում։ Նկարագրության մեջ տրվում է հայտարկվող ապրանքային նշանի բնութագիրը՝ բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, ապրանքային նշանի և դրա առանձին մասերի իմաստային նշանակությունը։ Եթե բառային ապրանքային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը, օրինակ, մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն։ Եթե բառային ապրանքային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ, հատուկ եզրույթ, պատմական անվանում, հնացած բառ), ապա տրվում է դրա իմաստի պարզաբանումը։ Եթե բառային ապրանքային նշանը ներկայացվում է ոչ հայերեն, ապա տրվում է դրա տառադարձությունը՝ հայոց լեզվի այբուբենի տառերով, և թարգմանությունը, եթե նշանն ունի բառային իմաստ։ Եթե ապրանքային նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում դրանց իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա։ Եթե պատկերային ապրանքային նշանը վերացական բնույթի է, ապա նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում.
գ) 5.3-րդ կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանում օգտագործված տառերը կամ թվերը չունեն կատարման որոշակի առանձնահատկություններ և ներկայացված են ստանդարտ տեսքով,
դ) 5.4-րդ կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ներկայացված է մեկ գույնով, և դրա պահպանությունը խնդրարկվում է որպես տարբերակիչ տարր,
ե) 5.5-րդ կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ներկայացված ապրանքային նշանը ծավալային է, այն է՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը։ Այս դեպքում 5.1-ին դաշտում տրվում է այդ նշանի ընդհանուր տեսքը, իսկ հայտին կից ներկայացվում են նաև հայտարկվող ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները,
զ) 5.6-5.9-րդ կետերի վանդակները նշվում են միայն այն դեպքերում, երբ հայտարկված ապրանքային նշանը վերաբերում է տվյալ կետում նշվածին,
Է) 5.10-րդ կետի վանդակը նշվում է միայն այն դեպքում, երբ ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ՝ կցելով կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
ը) 5.11-րդ կետի վանդակը նշվում է գունավոր ապրանքային նշանների հայտարկման դեպքում՝ նշելով նաև այն գույները, որոնց համար խնդրարկվում է գրանցումը.
թ) 5.12-րդ կետի վանդակը նշվում է, եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է դիսկլամացիայի ենթակա տարրեր, այսինքն՝ տարրեր, որոնց իրավական պահպանությունից հայտատուն հրաժարվում է.
ժ) 5.13-րդ կետի վանդակը նշվում է միայն օտարերկրյա հայտատուների դեպքում, եթե տվյալ ապրանքային նշանը գրանցված է ծագման՝ հայտի 2-րդ կետում նշված երկրում։ Այս դեպքում հայտին կցվում է այդ գրանցման վկայագրի պատճենը․
զ) 5.14-րդ և 5.15-րդ կետերի վանդակները նշվում են՝ ելնելով հայտարկված ապրանքային նշանի բնույթից.
5) 6-րդ կետը լրացվում է միայն այն դեպքում, երբ, Oրենքի 42-րդ հոդվածի համաձայն, հայտարկված ապրանքային նշանի համար խնդրարկվում է առաջնություն․
6) 7-րդ կետը լրացվում է հայտում նշված աղյուսակի ձևով, որտեղ առաջին սյունակում տրվում են այն ապրանքների և (կամ) ծառայությունների ԱԾՄԴ-ի դասերը՝ աճման կարգով, իսկ երկրորդ սյունակում՝ առաջին սյունակում տրված ԱԾՄԴ-ի յուրաքանչյուր դասին համապատասխան կոնկրետ այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է գրանցումը։ Ապրանքները և ծառայությունները տրվում են դրանց նույնականացման հնարավորությունն ապահովող ճշգրիտ եզրույթներով։ Այն դեպքում, երբ ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկն ամբողջությամբ չի տեղավորվում հայտի 7-րդ կետում նախատեսված դաշտում, նշվում է վանդակը, և ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկի շարունակությունը տրվում է լրացուցիչ թերթի վրա, որը կցվում է հայտին․
7) հայտի 8-րդ կետում լրացվում են դրա ստորագրմանը վերաբերող տվյալները․
8) հայտի 9-րդ կետում նշվում են տվյալներ վճարված պետական տուրքի մասին.
9) 10-րդ կետի վանդակը նշվում է այն դեպքում, երբ հայտի 2.4-րդ, 6.2-րդ, 6.10- րդ և 7-րդ կետերի համաձայն հայտին կից ներկայացվում են լրացուցիչ թերթեր և (կամ) փաստաթղթեր, որոնք նշված չեն հայտի նախորդ կետերում, կետերում չնշված այլ փաստաթղթեր՝ լրացնելով դրանց ընդհանուր թիվը։

Հայտերը լրացնելու օրինակներ՝

 

10. Ի՞նչ տուրքեր են գանձվում ապրանքային նշան գրանցելիս

Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար գանձվում են պետական տուրքեր՝ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի, մասնավորապես՝

Հայտ ներկայացնելու համար՝ 30000 դրամ
Փորձաքննություն անցկացնելու համար՝ 40000 դրամ
Մեկից ավել յուրաքանչյուր դասի համար՝ 15000 դրամ
Այս տուրքերը վճարվում և ներկայացվում են հայտ ներկայացնելիս

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձինք և 0-ից մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը սահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով` համապատասխանաբար 7500, 10000, 3750 դրամ, 25-ից 100 աշխատող ունեցողը վճարում են 50% զեղչով՝ համապատասխանաբար 15000, 20000, 7500 դրամ:

Օրենքի 47-րդ հոդվածի ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում ստանալու օրվանից եռամսյա ժամկետում անհրաժեշտ է վճարել ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը (Հաշիվ` N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ) և ներկայացնել վճարման անդորրագիրը, իսկ եթե պետական տուրքը, համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի, վճարվել է զեղչով, ապա ներկայացվում է նաև աշխատողների թվի մասին տեղեկանքը՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ (100-ից ավել աշխատողներ ունեցող ձեռնարկությունների համար գրանցման համար սահմանված պետական տուրքը 50000 դրամ է, , 25-ից 100 աշխատող ունեցող ձեռնարկությունները uահմանված պետական տուրքերը վճարում են 50% զեղչով՝ 25000 դրամ, մինչեւ 25 հոգի աշխատողներ ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև ֆիզակական անձինք uահմանված պետական տուրքերը վճարում են 75 % զեղչով՝ 12500 դրամ):

11. Ո՞րոնք են ապրանքային նշանի հայտ ներկայացնելու եղանակները

Ապրանքային նշանի հայտը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով՝
փոստով, թղթային փաստաթղթի ձևով, հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3
անձամբ, թղթային փաստաթղթի ձևով, հետևյալ հասցեով՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3
էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգի միջոցով՝ այցելելով www.aipa.am կայքը։

12. Ո՞վ կարող է դիմել ապրանքային նշանի գրանցման համար

Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:
Ապրանքային նշանի գրանցումը իրականացվում է պետական լիազոր մարմնի (ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության) կողմից, օրենքով սահմանված կարգով, նշանի գրանցման համար ներկայացված հայտի հիման վրա։
Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով։


13. Որքա՞ն է ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը

Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի է՝ հայտի ներկայացման թվականից հաշված։
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի անգամ երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով։

14. Ինչպե՞ս կարելի է պահպանել ապրանքային նշանը այլ երկրներում

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձինք իրավունք ունեն ապրանքային նշանը գրանցելու օտարերկրյա պետություններում կամ կատարելու դրա միջազգային գրանցում։

15. Հնարավոր է արդյո՞ք գրանցման արագացված ընթացակարգ

Ոչ, հնարավոր չէ, քանի որ օրենքով նման ընթացակարգ նախատեսված չէ:

16. Նախատեսված է արդյո՞ք «ՀԱՅ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՅԿԱԿԱՆ» բառերը և դրանց թարգմանությունները ապրանքային նշանների մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան պետական տուրք

Ոչ, նախատեսված չէ:

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Ապրանքային նշանի հայտ ներկայացնելուց առաջ խորհուրդ է տրվում ստուգել ապրանքային նշանի համապատասխանությունը Oրենքով սահմանված պահպանության պայմաններին, այսինքն՝ ստուգել Օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված մերժման բացարձակ հիմքերի առկայությունը և 10-րդ հոդվածով նախատեսված մերժման հարաբերական հիմքերի առկայությունը։ Մերժման հարաբերական հիմքերի, այսինքն՝ ավելի վաղ նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի առկայությունը ստուգելու համար անհրաժեշտ է որոնում անցկացնել ազգային կամ միջազգային ընթացակարգով գրանցված (իրավական պահպանություն ստացած) ապրանքային նշանների հիմնապաշարում՝ այցելելով https://www.aipa.am/hy/search-tm էջը, իսկ ընթացիկ հայտերը՝ https://www.aipa.am/hy/tm-applications, ինչպես նաև օգտագործել տրամադրության տակ գտնվող բոլոր տեղեկությունները և տեղեկատվական միջոցները, այդ թվում՝ համացանցը։